«Ռուսաստանը ոչ ոքի վրա չի պատրաստվում հարձակվել». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ռազմական սպառնալիքի մասին հայտարարություններն անվանել է միֆ ու անիրական, ինչպես նաև հավաստիացրել, որ Ռուսաստանը չի պատրաստվում ոչ ոքի վրա հարձակվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Իհարկե, շատ հաճելի է, երբեմն էլ շահավետ է ներկայանալ որպես քաղաքակրթության պաշտպաններ, սակայն բանն այն է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ինչ-որ մեկի վրա հարձակվել»,- հայտարարել է Պուտինը Սոչիում:
Նա նաև նշել է, թե Ռուսաստանը չի կարող ազդել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա:
«Մի՞թե ինչ-որ մեկը լրջորեն մտածում է, թե Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ ազդել ամերիկացի ժողովրդի ընտրության վրա: Ամերիկան, ի՞նչ է, բանանային երկիր է, ի՞նչ է: Ամերիկան մեծ կայսրություն է: Եթե ես սխալվում եմ, ուղղեք ինձ, խնդրում եմ»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի քաղաքական էլիտան շեղում է երկրի քաղաքացիների ուշադրությունը Ամերիկայի իրական խնդիրներից ու ստեղծում թշնամական Ռուսաստանի կերպարը: