«Նալբանդյանն ու Մամեդյարովը կարող են հանդիպել Համբուրգում». Ուորլիք
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք անհամբերությամբ ենք սպասում, որպեսզի Համբուրգում կայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ շարունակելու կարևոր բանակցությունները հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ»,- ասել է Ուորլիքը:
Հարցին, թե արդյոք մինչ համբուրգյան նիստը նախատեսվում է ինչ-որ հանդիպում՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ, ամերիկացի համանախագահը պատասխանել է. «Մենք մշտական կապի մեջ ենք նախագահների ու նախարարների հետ, պատրաստ ենք հանդիպում անցկացնել ցանկացած պահի»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով տարածած հայտարարությունում նշել էին Համբուրգում երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունը։
ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը Համբուրգում կկայանա դեկտեմբերի 8-9-ը։