«Պոբեդայի վտանգը». Հայկական միակ ավիափոխադրողին փորձում են շուկայից հանել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի վերջից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Մոսկվա թռիչքներ իրականացնելու մասին հայտարարած «Պոբեդա» ավիաընկերությունը հնարավոր է հայկական միակ փոխադրողին՝ «Արմենիա» ավիաընկերությանը, դուրս մղի շուկայից: Նման տեսակետ Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց «Regnum» գործակալության տնտեսական մեկնաբան Ռուբեն Գրձելյանը՝ նշելով, որ «Պոբեդա» ավիաընկերությունն այն ուղղություններով է թռիչքներ իրականացնելու, որով այսօր թռչում է «Արմենիան»:

«Արմենիա ավիաընկերությունը թռչում է Մինվոդի ու պլանավորում է դեկտեմբերից թռիչքներ իրականացնել դեպի Վորոնեժ: Նույնն անում է Պոբեդան: Այսինքն՝ ինքը կրկնօրինակում է այն ուղղությունները, որտեղ աշխատում է հայկական ավիաընկերությունը: Դա արվում է մի նպատակով՝ մրցակցություն առաջացնել, դեմպինգ իրականացնել, որի հետեւանքով հայկական ավիաընկերությունը դուրս կգա շուկայից»,- նկատեց Գրձելյանը՝ նշելով, որ այդ ամենից հետո հիմա խոսվող 20 դոլար արժողությամբ տոմսի գները բարձրացնել:

Նրա խոսքով՝ մինչ օրս պահանջարկը շատ էր Մինվոդի ուղղությամբ թռիչքների, սակայն որեւէ ընկերություն թռիչք չէր իրականացնում, իսկ «Արմենիան» հայտարարեց իր մտադրության մասին եւ հայտնվեց Պոբեդան:

«Մոսկվա շատերն են թռչում, մրցակցություն այդտեղ կա, բայց հենց սկսեց Մինվոդի թռչել, «Պոբեդան» կսկսի թռնել Մինվոդի, սակայն մինչ այդ իրենց չէր հետաքրքրում Մինվոդին: «Արմենիան» ասեց, որ թռնելու է Վորոնեժ, հիմա Քաղավիացիայի գլխավոր վարչության պետն ասում է՝ Վորոնեժ է ուզում «Պոբեդան» թռնի: Եթե հիշում եք նույն կերպ «Էյր Արմենիայի» հետ վարվեցին այդ ուղղությունների մրցակցության մեջ, գները գցեցին, սնանկացրեցին, որից հետո գները կտրուկ բարձրացրեցին»,- ասաց Ռուբեն Գրձելյանը՝ մտավախություն ունենալով, որ նույն բանը տեղի կունենա «Արմենիա» ավիաընկերության հետ:

Տնտեսական մեկնաբանը կարծում է նաեւ, որ Գյումրիից, երբ սկսեն այդքան ցածր գնով թռիչքներ իրականացնել, ապա դա բացասաբար կազդի նաեւ ավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնողների գործունեության վրա:

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Գեւորգ Խաչատրյանն էլ մեր զրույցում ասաց. «Մենք կողմ ենք ցանկացած էժան ավիատոմսի, որը կարող է վաճառվի հանրապետության տարածքում, եթե այդ ամենն առողջ մրցակցային պայմաններում լինի»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս