Samsung-ը շահույթի 30 տոկոսի անկում է արձանագրել
Էլեկտրոնիկայի հարավկորեական խոշորագույն արտադրողը՝ Samsung Electronics-ը, տվյալներ է հրապարակել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ընկերության շահույթի վերաբերյալ: Այն կազմել է 5,2 տրլն վոն (4,6 մլրդ դոլար), ինչը 30 տոկոսով պակաս է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին ասված է հրապարակված մամուլի տեղեկագրում:
Այս տարվա նախորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության շահույթը նվազել է 36 տոկոսով: Հատկապես խորը անկում է դիտվում սմարթֆոնների ճյուղում, ինչը ընկերությունում կապում են Galaxy Note 7-երի վաճառքների կրճատման հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը «կկենտրոնանա սպառողների վստահության վերականգնման վրա» եւ ապագայում շահույթի ավելացում է ակնկալում:
Վերջին ժամանակներս Samsung-ը հսկայական կորուստներ է կրել Galaxy Note 7 սմարթֆոնի անհաջող դեբյուտի կապակցությամբ, որը շուկայից հարկ եղավ հետ կանչել մարտկոցներին առնչվող խնդիրների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: