Կարեն Կարապետյանը դիմե՞լ է ՀՀԿ անդամ դառնալու համար. պարզաբանում է Էդուարդ Շարմազանովը

«Կուսակցությունը ոչ պարոն Ծառուկյանի հնարավոր վերադարձի հարցն է քննարկել, ոչ էլ ձեր նշած խնդիրները: Կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգը, շարժվում է իր քաղաքական օրակարգով, նախաձեռնում է լայնածավալ բերափոխումներ, որոնք բխում են թե նախագահ Սարգսյանի, թե կառավարության ծրագրից, թե սահմանադրական բարեփոխումներից»,- այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձին և բոլորին ներելու մասին նրա հայտարարություններին: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարցերը պետք է ուղղել այն մարդկանց, ովքեր ներելու, ներվելու կարիք կամ խնդիր ունեն, ինքը դրանից ոչ մեկի խնդիրը չունի:

«Խոսել եմ բացառապես երևույթներից: Եվս մեկ անգամ կրկնում եմ` քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն, համերաշխություն, հանդուրժողականություն և քաղաքական մշակույթ: Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում, և հերիք է հետ նայեք, վիզներդ ծուռ կմնա: Նայեք առաջ, իսկ ապագան, կարծում եմ, կլինի ավելի գեղեցիկ, ավելի համերաշխ, ավելի հանդուրժողական»:

Անդրադառնալով մամուլում այսօր տարածված այն տեղեկություններին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կդառնա ՀՀԿ անդամ, ինչպես նաև ՀՀԿ փոխնախագահ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ գոնե այսօր նման հարց չեն քննարկել. «Երբ ժամանակը գա, պարոն վարչապետը պարոն նախագահի հետ կքննարկեն, կորոշեն»: Հարցին` արդյոք մինչ այս պահը Կարեն Կարապետյանը դիմե՞լ է ՀՀԿ-ին անդամակցելու համար, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը դիմի, չդիմի, Կարեն Կարապետյանը Հայաստանի հանրապետական թիմի առանցքային ներկայացուցիչ է:

Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է, և պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է, և մենք լիարժեքորեն իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը: Հայաստանի Հանարապետական Կուսակցությունը, ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի կառավարության պատասխանատուն (քանի որ առաջին հանրապետական վարչապետը եղել է սպարապետ Վազգենը), այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն է»:

Պատասխանելով հարցին` արդյոք Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` հաշվի առնելով Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ խոսել է Ալիևի հետ, ով պատրաստակամ է հանդիպել Սերժ Սարգսյանին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ հանդիպման վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, բայց առաջիկա օրերին, շաբաթներին նման հանդիպում չի նախատեսվում, իսկ ապագայում նման հանդիպում կլինի, թե ոչ, կապրենք, կտեսնենք: «Մեր հստակ կարծիքը չի փոխվել. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն:

Ադրբեջանը, դժբախտաբար, ոչ թե իրականացնում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այլ արհամարհում է այդ պայմանավորվածությունները` դիվերսիոն գործողություն իրականացրեց, երեկ մենք սահմանագծում զոհ ունեցանք, և կարծում եմ` միջազգային հանրությունը և առաջին հերթին մեր հարգարժան համանախագահ գործընկերները, պետք է հասցեական գնահատականով հանդես գան և ստիպեն ադրբեջանցիներին հարգել իր իսկ ստանձնած պարտավորությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս