«ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը պակաս հավակնոտ համաձայնագիր չի լինի, քան Ասոցացման համաձայնագիրը». Եվրոպացի փորձագետ

«ԵՄ-ն պետք է հետևի իր հայաստանյան ներդրումներին»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի վերջին հայտարարություններին։

Պյոտր Սվիտալսկին վերջին օրերին տարբեր առիթներով նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ փոխակերպման գործընթացին, կայուն և հավասար զարգացմանը։ Սա հատկապես ուշագրավ է այն ֆոնին, երբ Հայաստանն այս օրերին ԵՄ պատվիրակության հետ Երևանում բանակցեց ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի առևտրի և ներդրումների հատվածը։

Լոռ Դելքուրը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՄ-ն իրեն Հայաստանում դիրքավորում է՝ որպես Հայաստանում ներդրումներ անող թիվ մեկ ուժ, և դրան համապատասխան քայլեր է նաև ձեռնարկում այդ ուղղությամբ։ Դելքուրի համոզմամբ՝ այդ ներդրումներին և ներդրումներ անելու, Հայաստանում ջանքեր ներդնելու պատրաստակամությանը համապատասխան՝ ԵՄ-ն իր գործիքակազմով հետևելու է Հայաստանի քայլերին, ծախսերին, դրանց արդարացվածությանը, քանի որ փորձը ցույց տվեց, որ ԵՄ-ի նախկին ներդրումները որևէ հիմք չստեղծեցին Հայաստանում՝ ի օգուտ ԵՄ-ի։ «ԵՄ-ի գործունեությունը մինչ այս փուլը կարծես անտեսանելի լինի, քաղաքացիական հասարակությունը, որին ԵՄ-ն գումարներ էր հատկացնում, ևս անպատրաստ էր դիմակայելու ՀՀ ԵՏՄ անդամակցության սպառնալիքին, հասարակությունը ևս քաղաքացիական հասարակության կողմից բավարար չափով պատրաստված չէր։ Ուստի, երբ խոսք է գնում ներդրումների մասին, դա, բնականաբար, լավ է Հայաստանի համար, բայց ԵՄ-ի տեսանկյունից ճիշտ կլինի, որ այդ ներդրումների ապագան ԵՄ-ի համար տեսանելի լինի։ Կարծում եմ՝ նման դաս ԵՄ-ն արդեն քաղել է»,- նման տեսակետ հայտնեց Լոռ Դելքուրը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ բանակցություններին, ապա, Լոռ Դելքուրի խոսքով՝ կողմերը հասել են գլխավոր հանգրվանին։ «Կարծում եմ՝ բանակցությունները նույնիսկ ավարտվել են, կողմերը կոսմետիկ փոփոխություններ են մտցնում նախկինում արդեն իսկ պատրաստ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրում և այն համաձայնեցնում ՀՀ ԵՏՄ անդամակցության հետ։ Սակայն դատելով եվրոպական կողմի վերջին հայտարարություններից, այն պակաս հավակնոտ և հաջողակ փաստաթուղթ չի լինելու, քան Ասոցացման համաձայնագիրը»,- ասաց Դելքուրը՝ հիշեցնելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկու վերջին հայտարարարությունները ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների մասին։ Ի վերջո, ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր չի խոչընդոտում ՀՀ-ԵՄ առևտրային հարաբերություններին, քանի որ ԵՏՄ-ն ֆիկտիվ բնույթ կրող կառույց է։

Տեսանյութեր

Լրահոս