ԵՄ-ն առաջին պատժամիջոցներն է սահմանում Հալեպի համար. WSJ
ԵՄ-ն պատրաստվում է Հալեպի պատճառով առաջին պատժամիջոցները սահմանել տասնյակ սիրիացիների դեմ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ սիրիացի քաղաքացիների թվում, որոնց անունները ԵՄ-ն պատրաստվում է ներառել պատժամիջոցային ցուցակում, կան սիրիական կառավարության անդամներ, ռազմական պաշտոնյաներ, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ կապված գործարարներ։
Պատժամիջոցները ենթադրում են սիրիացիների ակտիվների սառեցում, ինչպես նաև ԵՄ մուտքի արգելք։
Բացի այդ՝ Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցային ցուցակում ավելացնել Սիրիայի կառավարության ևս 18 անդամների անուններ, որոնց դեմ դեռևս չեն սահմանվել սահմանափակիչ միջոցառումներ։
Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ նրանց նկատմամբ պատժամիջոցները կարող են սահմանվել արդեն հաջորդ շաբաթ։