Ի՞նչ են խոսել Արամ Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը. պատմում է Արամ Սարգսյանը
«Ես ասացի Սերժ Սարգսյանին՝ դու է՞լ ես մտածում, որ այս 5-ն են, ու վերջ, ինքն ասաց՝ ոչ, ես այդպես չեմ մտածում: Ես էլ հարցրել եմ, իսկ ի՞նչ ես մտածում, ասել է՝ պահը կգա՝ կասեմ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։
Ա. Սարգսյանը նշեց, որ մինչ այսօր Ս. Սարգսյանը չի ասել այն, ինչ ասել էր՝ կասի. «Ինքը չի ասել, ավելին՝ ինքը ոչինչ չի արել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասով որևէ գործընթաց տեղի ունենա, ինքը, արդեն 8 տարի է՝ երկրի նախագահ է: Այդ ընթացքում բազմաթիվ բաներ եղան, որոնց ընթացքում կարելի էր «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով գործը բացել և փորձել հասկանալ՝ կա՞ արդյոք արտաքին քաղաքական հետք, թե՞ չկա, ներքաղաքական շահագրգռվածություն կա՞ր, թե՞ չկար»։
Ա. Սարգսյանի խոսքով՝ դատավոր Սամվել Ուզունյանը գործով բազմաթիվ առանցքային վկաների չի հարցաքննել. «Ո՞վ է ճնշում գործադրել Սամվել Ուզունյանի վրա, եղե՞լ են արդյոք ճնշումներ, որ ինքն արագացնի, թե՞ ոչ, ճնշումների արդյունքո՞ւմ է, որ Սամվել Ուզունյանը հիվանդացել է, թե՞ ոչ: Եթե Սերժ Սարգսյանը սրանում շահագրգռված լիներ, այդ գործը կաներ: Բայց իրենց չշահագրգռվածությունը հիմնավորում է այս հանրության մտորումները: Այս հանրությունը մտածում է իր մասին կենցաղային մակարդակով, ու դրա մեղավորներն իրենք են, ոչ թե ես ու Ստեփան Դեմիրճյանը, որ կասկածում ենք բոլորին»:
Ըստ Ա. Սարգսյանի՝ քանի չի բացահայտվել «Հոկտեմբերի 27»-ը, այս երկիրն ապագա չունի։ Նա վստահ է, որ մի օր այս գործը բացահայտվելու է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։