Մինսկը հաստատել է հայ ուղևորի պատճառով «Բելավիայի» ինքնաթիռին ուղղված Ուկրաինայի սպառնալիքները
Բելառուսի ԱԳՆ-ի տրամադրության տակ է հայտնվել «Բելավիա» ավիաընկերության՝ Կիև-Մինսկ չվերթ իրականացնող ինքնաթիռի անձնակազմի բանակցությունների գաղտնազերծումը։ Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
Միրոնչիկը նշել է, որ այդ փաստաթղթում հստակ հայտարարություն կա այն մասին, որ ռազմական ավիացիա կգործադրվի այն դեպքում, եթե ինքնաթիռը չուղևորվի Կիև։
«Այդ խոսակցությունից պարզ է դառնում, որ տվյալ խոսքերը դիսպետչերի նախաձեռնությունը չեն, այլ կոնկրետ գերատեսչության, որը տվել է համապատասխան հրամանները»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը իր նպատակներին կարող էր հասնել՝ առանց օդանավի նկատմամբ բռնի մեթոդներ կիրառելու։
«Ցավոք, վերոնշյալ իրավիճակին ուկրաինական կողմի ռեակցիան լիովին բացակայում է։ Եթե այդպես շարունակվի, ապա ստիպված կլինենք հավելյալ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ մինչև անձնակազմի անդամների բանակցություններն ուկրաինացի դիսպետչերի հետ»,- սպառնացել է Միրոնչիկը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ուկրաինական իշխանությունները Կիև էին վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել։
«Բելավիայում» պարզաբանել էին, որ Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն դիսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման օդանավակայան՝ առանց բացատրություն տալու։
«Նաև հայտարարվել էր, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ։ Օդաչուն կատարել է կարգադրությունը»,- նշել են «Բելավիայում»։
Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս էին բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Մարտիրոսյանին։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել էր Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։
Ավելի ուշ Մարտիրոսյանը հայտնել էր, որ դատի կտա Ուկրաինայի իշխանություններին իր նկատմամբ անօրինական գործողությունների համար։ Այդ մասին լրագրողը գրել է Facebook-ի իր էջում։ Իսկ մեկ այլ գրառման մեջ նա պարզաբանել է, որ ինքը «հակամայդան»-ի ակտիվիստ չի եղել, սակայն դատապարտել է և դատապարտում է, իր խոսքով, «մայդան» կոչվող հեղաշրջումը։ Բացի այդ, Մարտիրոսյանը նշել է, որ Կիևում եղել է անձնական հարցերով, և այդտեղ գտնվելու ժամանակ անօրինական ոչինչ չի արել։