
Սերգեյ Ավետիսյանը՝ Արտյոմ Մովսիսյանի կողմից «Լյուֆթհանզա»-ից կաշառք պահանջելու մասին

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զավեշտալի է համարում Քաղավիացիայի նախկին պետ Արտյոմ Մովսիսյանի կողմից ավիաընկերություններից կաշառք պահանջելու մասին խոսակցությունները:
«Իմ սկզբունքների մեջ մտնում է հետ չնայել ու խոսել միայն այսօրվա, ապագայի մասին, բայց սա զավեշտալի խոսակցություն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե վարչության նախկին պետ Արտյոմ Մովսիսյանը պաշտոնից հեռացվել է կոռուպցիոն սկանդալի պատճառով:
Բացառելով դա՝ Քաղավիացիայի վարչության պետը նշեց. «Ես դա համարում եմ ուղղակի անիմաստ, քանի որ ո՞նց եք պատկերացնում իրական կյանքում, որ «Լյուֆթհանզա»-ի նման կազմակերպությունից կաշառք պահանջեն որևէ երկրում»:
Մամուլում լուրեր էին շրջանառվել, թե Արտյոմ Մովսիսյանը հայկական ավիաշուկա մուտք գործելու համար կաշառք է պահանջել գերմանական հայտնի «Լյուֆթհանզա» ավիաընկերությունից: