Բաժիններ՝

Մխիթարյանական քրոնիկոն կամ #FreeMkhitaryan

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայտացուցակից շարունակում է ֆուտբոլիստին պահել մասնագետների, ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում, զարմացնել և զայրացնել:

Թվիթերում օգտագործվող «ազատել Մխիթարյանին» հաշթագի (#FreeMkhitaryan) միջոցով երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնում, որ արդեն որերորդ անգամ հայ կիսապաշտպանը չի լինում «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Դժգոհություններ, համեմատություններ այս կամ այն ֆուտբոլիստի հետ և, վերջապես, զայրույթի մի մեծ ալիք, որն ուղղված է «Մանչեստեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Վերջին շրջանում հիմնական հարցը, որ լսում կամ կարդում ենք այս կամ այն հեղինակի, ֆուտբոլասերի մոտ «Ինչո՞ւ գնեցին Մխիթարյանին, եթե չի խաղալու»:

««Բունդեսլիգա»-ի և «Բորուսիա»-ի լավագույն գոլային փոխանցում կատարողը տեղ չի գտնում պահեստայինների նստարանին»,-գրում է օգտատերերից Կարլստոն Օչիենգը: «Ծիծաղելի է, որ «Մխիթարյանը կրկին չի ընդգրկվում հայտացուցակում»,-տարակուսանք է հայտնում Լիամ Կարինգը: «Տաղանդի վատնում». հաջողակ ֆուտբոլիստի կարողությունները չօգտագործելը զարմանք է առաջացնում Պատրիկ Թիմսոնի մոտ:  

 

Բրիտանական մի շարք հեղինակավոր և ոչ այդքան հայտնի պարբերականներ գրեթե ամեն օր անդրադառնում են հայ կիսապաշտպանի բացակայությանը, խոսում նրա հնարավորությունների, նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում լավագույնը լինելու փաստի մասին:

Որոշ պարբերականներ գրում են, որ արդեն ձմեռային տրանսֆերային շրջանում Մխիթարյանը կարող է հեռանալ անգլիական ակումբից:

Կհեռանա՞ Մխիթարյանը «Յունայթեդ»-ից, ինչո՞ւ Մոուրինյոն հնարավորություն չի տալիս հայ կիսապաշտպանին, ինչո՞ւ գնեցին Մխիթարյանին, եթե չի խաղալու. այս և մի շարք այլ հարցեր սպասում են իրենց պատասխանին, սակայն մասնագետները, երկրպագուները և մասնավորապես հայ երկրպագուները վստահ են` Մխիթարյանը կկարողանա օգտագործել իրեն տրված հնարավորությունը:

«Մանչեստեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 29-ին:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս