«Նաիրիենք իրենց եղբայրներով դրսերում էին պատրաստվել». Մանվել Գրիգորյան
«Վազգենը դարասկզբի ձևաչափ էր: Նա կարողացավ հա՛մ բանակ ստեղծել, հա՛մ ֆիդայական ջոկատներից զորամիավորում խմբավորել, մտցնել բանակի մեջ: Այդ ժամանակ Ադրբեջանում, Վրաստանում չստացվեց իրենց մոտ, բայց Վազգենի մոտ ստացվեց, չթողեց մենք մեր ձեռքով մեր անկախությանը վնասներ տանք: Ստեղծեց կանոնավոր բանակ: Ինչ ծրագիր նախատեսում էինք, հետներս առաջ գնալով կատարեց»,- այսօր Եռաբլուր պանթեոնում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ հավելելով՝ «սա թշնամու ձեռքի գործ էր»:
«Վնասեցին մեզ, մեր պետությանը, մեր ամեն ինչին»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ում նկատի ունի թշնամի ասելով, 17 տարի անց կարծես թե սպանությունը բացահայտված չէ, այդպս էլ հայտնի չէ՝ ինչի համար սպանեցին:
«Բացահայտված է: Հայի ձեռքով թշնամիների ծրագրերն իրականացան՝ հայ ժողովրդի հանդեպ: Վազգենին ֆիզիկապես սպանեցին. Որպես մարդ չկարողացան սպանել, չէին կարող սպանել: Մեր պետականությանը վնասեցին, միայն Վազգենը չէր, Դեմիրճյանն էր, բոլոր անձերն էլ այդ օրը որ գնդակահարվել են, գիգանտ, լուրջ մարդիկ էին, երկրին ծառայություն մատուցած»,- պատասխանեց նա:
Դիտարկմանը, թե Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, և 17 տարի անց իշխանությունները կամք չեն գտնում բացահայտելու՝ ինչու սպանվեցին այդքան մարդիկ, նա այսպես արձագանքեց. «Ամոթալի չէ, ողբալի է: Վնասեցին մեր պետությանը, անկախությանը: Ով արել է, դա հայազգի թշնամի է: Իմ կարծիքով՝ դրսից էլ, որոշ տեղերից բաներ էին գալիս, որովհետև սրանք դրսերում էլ են պատրաստվել: Եթե չգիտեք՝ նման բաներ կա. Նաիրիենք իրենց եղբայրներով դրսերում էին պատրաստվել»: