
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին կտրվի 1.5 մլն դրամ

ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց համապատասխան նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1 մլն 500 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանում և Ռուսաստանում հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ: Ընդհանուր առմամբ կհատկացվի 10.000.0 հազար դրամ: