
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու փաթեթ պատրաստել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ մի քանի հանձնարարականներ տվեց: Բնապահանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով՝ 15 օրյա ժամկետում ներկայացնել փոքր հիդրոէլեկտրոկայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առարկություններ:
«Մասնավորապես, առաջինը՝ 2009թ. հունվար 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում, երկրորդ՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Ազա, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրոկայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ, երրորդ՝ բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր հիդրոէլեկտրոկայանների համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով:
Ես վստահ չեմ, որ մենք ունենք արդեն 20 տարի շարունակ օգտագործվող հիդրոէլեկտրոկայան, բայց մենք պետք է ունենանք, որպեսզի հասկանանք սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում՝ ինչպես է լինելու, երբ բիզնեսը իր գումարները փոխհատուցվի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա շեց, որ արդեն իսկ ունենք բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ հիդրոէլեկտրոկայանների քանակն ավելի շատ է նախատեսված, քան հավանաբար անհրաժեշտ էր:
Երկրորդ հանձնարականն առնչվում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ փաթեթ ներկայացնել մեկ շաբաթվա ընթացքում:
Վարչապետը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին հանձնարարեց ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված հողօգագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ:
«Բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Պետք է այդ դաշտը կարգավորենք և իրեն միայնակ չթողնենք այդ խնդիրները լուծելիս»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հետաքրքրվեց, թե ում են անցնելու Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության գործառույթները, եթե այն լուծարվում է, «որովհետև ես տեղյակ չեմ ընդհանրապես…, առաջին անգամ եմ լսում»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները, մի շարք գործառույթներ հնացած են, վերացվում են, իսկ գործառույթները, որոնք անհրաժեշտ են, միավորվում են: Այս դեպքում եթե խոսքը վերաբերում է պետհամարանիշներ տրամադրելուն, ապա դա կարող է անել ոստիկանութունը: