Բաժիններ՝

Վարդան Արամյանը տարեվերջին կանխատեսում է բյուջեի թերակատարում

Այս տարեվերջին բյուջեի թերակատարումը կկազմի մոտ 60 մլրդ դրամ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Տարվա ինն ամիսների կտրվածքով, պաշտոնական թվերով, բյուջեի թերակատարումն արդեն կազմել է 40 մլրդ դրամ, այսինքն՝ նախատեսված ցուցանիշի համեմատ այդքանով պակաս հարկեր են հավաքվել: Վարդան Արամյանը նշեց, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ այս տարի փաստացի թերկատարում ունենք:

«Մենք այս տարվա համար պլանավորել ենք 1 տրիլիոն 129 մլդ դրամ հարկային եկամուտներ, որը ճշգրտված բյուջեով դարձել է 1 տրիլիոն 159 մլրդ: Դա ՀՆԱ­ի մեջ 20.7 տոկոս հարկեր­ՀՆԱ հարաբերակցություն է պարունակում: Բայց պետք է մենք ճշմարտությունն ասենք, որ մենք ծրագրել էինք, որ տարվա ավարտին կունենանք 4 տոկոս ՀՆԱ­ի դեֆլյատոր, բայց ամենայն հավանակությամբ կունենանք դեֆլյատորի գրեթե զրոյական գնային մակարդակ:

Դա նշանակում է, որ մենք ծրագրված անվանական ՀՆԱ­-ից շուրջ 300 մլրդ դրամ ցածր ՀՆԱ կունենանք: Իսկ 300 մլրդ­ը եթե բազմապատկենք 20.7 տոկոսով, միայն շուրջ 60 մլրդ մենք ունենալու ենք այստեղ թերակատարում: Բնականաբար, չենք կարող այնպես անել, որ ամեն գնով հարկերը հավաքենք, որովհետև ամեն գնով հարկեր հավաքելը ոչ այլ ինչ է, քան տնտեսվարողների համար կյանքը բարդացնել:

Դա ոչ այլ ինչ է, քան այն, որ տնտեսվարող սուբյեկտները չեն ստեղծել նման եկամուտ, և դու փորձում ես գերավճարների միջոցով այդ գումարները հավաքես: Դա պայթյունավտանգ է Հայաստանի տնտեսության համար»,­- ասաց Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ վերջին երկու տարիներին մենք ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող շոկեր: Մեկը դրսևորվել է միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների նվազման տեսքով, երկրորդը Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցներն են, որի պայմաններում, ըստ նախարարի, Հայաստանում ներդրումներն ու մասնավոր տրանսֆերտների հոսքը էապես նվազել են: Հետևաբար, պետք է նոր միջոցներ ներարկվեն տնտեսություն, իսկ դա տեղի է ունենալու պարտքի միջոցով: «Իսկ դա նշանակում է, որ մենք այս տարի համեմատաբար ավելի բարձր դեֆիցիտ կունենանք, մենք տարվա կտրվածքով կանխատեսում ենք, որ դեֆիցիտը կկազմի 5 տոկոսից բարձր՝ ծրագրված 2.8 տոկոսի փոխարեն»,-­ ասաց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է ՀՆԱ-­արտաքին պարտք 50 տոկոսից ավելի ցուցանիշ ունենալուն և հարցին, թե արդյոք դա վտանգ չէ տնտեսության համար, նախարարը պատասխանեց, որ հաջորդ տարվա համար ավելի պահպանողական բյուջե է կազմել կառավարությունը, որը ենթադրում է 2.8 տոկսանոց պակասուրդ: Իսկ պարտքի 50 տոկոսից ավելի ցուցանիշը, նրա խոսքով, մտահոգիչ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս