
ՀՀ կառավարությունը կարևորում է ադամանդագործության զարգացումը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հոկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի պետական գանձարանի («Գոխրան») ղեկավար Անդրեյ Յուրինի և ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն ԱԼՌՈՍԱ ընկերության նախագահ Անդրեյ Ժարկովի հետ: Քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Կարայանը նշել է, որ մեր երկրում ադամանդագործության զարգացման մեծ ներուժ կա և Հայաստանի կառավարությունը կարևորում է ոլորտի առաջխաղացումը՝ որպես տնտեսության գերակա ուղղություններից մեկը, ինչը նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացման մեծ հնարավորություններ է բացում:
Նախարարը ներկայացրել է ոլորտում նախատեսվող բարեփոխումները, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն ՀՀ-ում գործող ընկերությունների համար:
Անդրեյ Ժարկովն, իր հերթին, ներկայացրել է ԱԼՌՈՍԱ-ի և հումքի վերամշակմամբ զբաղվող հայկական ընկերությունների հետ աշխատանքը, նշել, որ 9 ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը ոլորտում նկատելի է և առաջիկայում էլ շարունակելու են փոխգործակցության ընդլայնմանը միտված գործունեությունը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, պետությունմասնավոր հատված փոխգործակցության, ոլորտում առկա մրցակցային հարցերին:
Կողմերը գոհունակությամբ նշել են համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների մասին և վերահաստատել համագործակցության զարգացմանը միտված հանձնառությունը: