ԱԺ 5 խմբակցություններ նամակով դիմում են ՄԱԿ-ին
Քիչ առաջ Ազգային ժողովում 5 խմբակցությունները` ՀՀԿ, ՀՀՅԴ, ՕԵԿ, ՀԱԿ, ԲՀԿ, ստորագրեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ուղղված նամակ` խնդրելով, որ ՄԱԿ-ն իր փորձառությունը, դերակատարումն ունենա Ընտրական օրենսգրքի հետ կապված քաղաքական ուժերի համաձայնագրով նախատեսվող տեսախցիկների տեղադրմանը: Նամակի ստորագրումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ ՄԱԿ-ն ընտրության օրը նախագծի իրագործման այլ բաղադրիչներում իր փորձառությունը պետք է բերի: Նա նշեց, որ տեսասարքերի միջոցով տեսագրվելու և առցանց հեռարձակում է իրականացվելու բոլոր ընտրատեղամասերից:
«Գլխավոր նպատակն այն է, որ լինի հանրային վերահսկողություն օրինականության նկատմամբ և բացառվեն խախտումները` ապօրինի քվեարկություններ, բռնություններ, քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաներ և այլն»,- ասաց Լ.Զուրաբյանը` հավելելով, որ ոչ ոք Քրեական օրենսգիրքն ուղիղ եթերում խախտելու ցանկություն չի ունենա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ծրագրի ֆինանսավորումը ԵՄ-ի կողմից է` 2 մլն եվրո. «ՄԱԿ-ը` որպես բոլոր քաղաքական ուժերի կողմից առավել վստահություն ունեցող կառույց, ինքն իրականացնի տեսանկարահանման ողջ գործընթացը, որպեսզի այն չլինի իշխանության, ընդդիմության կամ որևէ քաղաքական ուժի կազմակերպման խնդիրը` հետագայում շահարկումներից խուսափելու համար»: