Բաժիններ՝

«Կառավարությունը պատասխանելիս ներկայացնում է այն, ինչ ռուսերենով ասում են՝ «сухой отказ»». Լևոն Զուրաբյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց իր գրավոր հարցը կառավարությանը։

Նա նշեց, որ գործող օրենսդրությամբ գյուղացիական տնտեսություններ վարողները դասվում են զբաղվածների շարքին, միևնույն ժամանակ նրանց զբաղվածությունը հաշվի չի առնվում նրանց կենսաթոշակների հաշվարկման առումով։

Նրա խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրջորեն խախտվել է պետական կենսաթոշակային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը՝ սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելու սկզբունքը։ Լ. Զուրաբյանի դիտարկմամբ՝ ամբողջ կյանքում հողագործությամբ զբաղվող  մարդիկ զրկված են քիչ թե շատ արժանապատիվ ծերության ապահովումից։

«Ինչպե՞ս է պատկերացնում նոր կառավարությունն այս հարցի լուծումը և ի՞նչ ծրագրեր ունի այդ ուղղությամբ։ Ձեզնից ստացված պատասխանն արդեն մի քանի հարց հարուցում է։ Դուք ասում եք, որ հիմա այդ կատեգորիայով անհատ ձեռնարկատերերը և աշխատանքային պայմանագրով աշխատողներն ապահովված են։ Քանի՞ հոգի նման կարգավիճակ ունեն, քանի՞ տոկոս են կազմում ընդհանրապես գյուղացիական տնտեսությամբ զբաղվող  մարդիկ։ Եթե նրանք, ովքեր այս կատեգորիայում չեն, համարում եք չզբաղված՝  կենսաթոշակի առումով, ինչո՞ւ եք զբաղված համարում  զուտ վիճակագրական առումով»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կենսաթոշակային կամ ընդհանրապես սոցիալական ապահովվածության համակարգը  պետք է դիտարկել ամբողջականության մեջ։ Նրա խոսքով՝ աշխատանքային կենսաթոշակի  իրավունքը բացառապես փոխկապակվցած է կատարած վճարումներին և անձի ներդրմանը։

«Եթե մենք խոսում ենք աշխատանքային կենսաթոշակների մասին, դա նշանակում է, որ այդ կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում  այն անձինք, ովքեր աշխատում են և դրա ներքո կատարում են վճարներ համակարգին, որը դրված է կենսաթոշակի հաշվարկման հիմքում։ Իսկ այն անձանց համար, ովքեր չեն կատարում վճարումներ համակարգին,  կա սոցիալական կենսաթոշակների կամ նպաստների ինստիտուտը, որը տրամադրվում է  բազային կենսաթոշակի կամ նպաստի չափով բոլոր ՀՀ քաղաքացիներին,  ովքեր ձեռք չեն բերել աշխատանքային կենսաթոշակի իրավունք։ Այստեղ որևէ ոչ սկզբունքային մոտեցում կամ անարդարություն ես չեմ տեսնում, որովհետև հակառակ պարագայում անարդարությունը կվերաբերեր այն անձանց, ովքեր  համակարգին կատարում են վճարումներ, բայց այդ համակարգից վճարումներ են կատարվում այն անձանց, ովքեր համապատասխան ներդրում չեն ունենում»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին՝ նախարարը նկատեց, որ ժամանակին նախատեսված էր, որ  այդ կատեգորիայի անձինք չեն կարող համարվել գործազուրկ,  համարվում էին զբաղված, ինչը համարում էին՝ ճիշտ չէ. «Փոխեցինք զբաղվածության մասին օրենքում՝ այդ կատեգորիայի անձանց հնարավորություն տվեցինք գրանցվել զբաղվածության կենտրոններում,  ձեռք բերել գործազուրկի կարգավիճակ, եթե իրենք աշխատանք են փնտրում, ու բացառապես դա չպայմանավորել իրենց՝  հողի սեփականատեր լինելու հանգամանքով»։

Լ. Զուրաբյանն այսպես արձագանքեց Ա. Ասատրյանի պատասխանին. «Սա արդեն երկրորդ անգամն է, որ  կառավարությունը պատասխանելիս ներկայացնում է այն, ինչ ռուսերենով ասում են՝ «сухой отказ», այսինքն՝ չոր պատասխան տալով՝ հրաժարվել որևէ պատասխանատվությունից։ Տալով այս հիմնավորումները՝ որևէ լուծում չեք առաջարկում։ Մենք այստեղ գործ ունենք մի կառավարության հետ, որը ոչ միայն լուծումներ չի տեսնում, այլև չի փորձում անգամ ասել, որ խնդիրը կա, մենք այդ խնդրով կզբաղվենք, գոնե ապագայում նման լուծում կառաջարկենք»։

Ա. Ասատրյանը նշեց, որ բացարձակապես չի կիսում Լ. Զուրաբյանի կարծիքը բոլոր առումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս