«Գերավճարների միջոցով եկամուտներ հարկելը պայթյունավտանգ է Հայաստանի Հանրապետության համար». Ֆինանսների նախարար
Օբյեկտիվ պատճառներով հարկային հավաքագրումների առումով այս տարի կունենանք թերակատարում:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ այս տարի մոտ 300 մլրդ դրամով ՀՆԱ-ն պակաս կլինի, այսինքն` հարկերի մոտ 60 մլրդ թերակատարում կլինի:
«Բնականաբար, մենք չենք կարող այնպես անել, որ ամեն գնով հարկերը հավաքենք, որովհետև ամեն գնով հարկեր հավաքելը ոչ այլ ինչ է, քան տնտեսվարողների համար կյանքը բարդացնել, դա ոչ այլ ինչ է, քան տնտեսվարող սուբյեկտները չեն ստեղծել նման եկամուտ, և փորձում ես գերավճարների միջոցով այդ եկամուտները հարկել: Դա պայթյունավտանգ է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի հակացիկլիկ:
Վ. Արամյանը նշեց, որ վերջին տարիներին մենք ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցած շոկեր, ավելի քիչ դոլարային ներհոսք, այս տարի էլ տրանսֆերտների 140 մլն-ով նվազում է կանխատեսվում:
Նրա խոսքով` կապիտալի ներհոսքի նվազման ազդեցությունը չեզոքացվում է պարտքի միջոցով, և կանխատեսվում է՝ բյուջեի դեֆիցիտը կլինի 5%-ից բարձր: Նախարարը նշեց, որ 2017թ. համար պահպանողական վարքագծով բյուջե են ներկայացրել ԱԺ, ծրագրել են 2.8% պակասուրդ: Արտաքին պարտքը, ըստ նրա, ՀՆԱ 50%-ից ավելի է, դա վտանգավոր չէ, բայց ահազանգող է ապագայի համար, որ ավելի զգույշ լինեն: