
Արցախում դժվարանցանելի ճանապարհներ չկան. ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար

Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած ձյունն Արցախում երթևեկության խափանման պատճառ չի դարձել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար Պավել Նաջարյանը և ընդգծել, որ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ գործող ճանապարհաշինական ընկերությունները միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում և կատարում՝ մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
«Գիշերը տեղացած ձյան պատճառով Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա-Հադրութ և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց էր առաջացել: «Արցախուղի» ՓԲԸ-ն այդ հատվածում մաքրման աշխատանքներ է իրականացրել և ապահովել մեքենաների ազատ երթևեկությունը: Ստեփանակերտ-Շուշի-Լիսագոր-Գորիս միջպետական ճանապարհահատվածում վաղ առավոտից նույնպես ձյան մաքրման աշխատանքներ են սկսվել:
Այս պահի դրությամբ այդ հատվածն անվտանգ է երթևեկության համար: Քարվաճառ-Սոթք հատվածում թեև շարունակում են ձյան տեսքով տեղումները, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ այնտեղ նույնպես մաքրման աշխատանքներ է իրականացնում»,- ասել է Պ. Նաջարյանը: