Բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ քրոջս աչքերը չէին փակել. մահացած ծննդկանի եղբայրը մանրամասներ է պատմում. news.am
Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները պնդում են, որ նա մահացել է ոչ թե արգանդի վիրահատության ժամանակ, այլ ավելի շուտ: NEWS.am-ի հետ զրույցում Հռիփսիմեի եղբայրը՝ Հրանտը, նշեց, որ բժիշկները, երբ ասել են, որ Հռիփսիմեն մահացել է, իրենք անմիջապես մտել են վիրահատարան եւ նրան գտել սառած վիճակում՝ աչքերը բաց:
«Մինչեւ վիրահատությունը մեզ ոչ ոքի չեն թողել, որ մտնենք նրա մոտ, միայն մահանալուց հետո են եկել ասել՝ էլ չկա, մտա ներս, տեսա աչքերը բաց: Մեր բժիշկներն այնքան բժիշկ չեն, որ նույնիսկ իմ քրոջ աչքերը չէին փակել: Ասում են նոր մահացավ, բայց մտանք արդեն սառել էր, ցանկացած մարդ գիտի, որ դիակը 10-15 րոպեում չի սառում: Ես համոզված եմ, որ արգանդը հեռացնելու մասին վիրահատության պատմությունը իրենց կողմից մի խաղ է եղել, որպեսզի մեզ շփոթության մեջ գցեն, իմ քույրը շուտ է մահացել: Մեզ եկան ասացին, եթե ուզում եք, որ կյանքը փրկենք՝ պետք է արգանդը հեռացնենք, մենք էլ ասել ենք՝ կյանքը փրկեք, ինչ ուզում եք արեք: Ես բժիշկ չեմ, բայց հասկանում եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում չէին հասցնի վիրահատություն անել, մտան, 10 րոպե չէր անցել, արագի մեջ ասին՝ էլ չկա, պրոցեսը շատ կարճ է տեւել»,-ասաց նա:
Հրանտի խոսքով, երբ ծննդաբերելուց ընդամնեը 30 րոպե անց Հռիփսիմեն զանգել է սկեսրոջը եւ ասել՝ հասեք,մահանում եմ, միանգամից շտապել են հիվանդանոց, սակայն, բժիշկները թույլ չեն տվել, որ մտնեն նրա մոտ՝ ասելով, որ վիրահատության համար անհրաժեշտ է հիվանդանոց հասցնել բժիշկների. «Ես իմ քրոջ կյանքը փրկելու համար ամեն ինչի պատրաստ էի, հիվանդանոց ենք հասել, անգամ քրոջս մոտ չենք հասցրել մտնել, առաջինը ես եմ հիվանդանոց գնացել ու ինձ միագամից բժիշկների հեռախոսահամարներ ու հասցեներ են ասել, որ գնամ իրենց հետեւից: Բոլոր բժիշկներին ես ու իմ ընկերներն ենք իրենց տներից տարել հիվանդանոց, նաեւ արյան հարցերն ենք լուծել՝ մի բժշկից արյունը տարել ենք մեկի մոտ, մյուսից՝ մյուսի, մինչեւ վիրահատությունը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։