Քննչական մարմինը համառորեն իրավական գնահատական չի տալիս ոստիկանական բռնության փաստին. ՀՔԱՎ
Արդեն տեղեկացրել ենք, որ 2016 թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանին բռնությամբ հոգեբուժարան տեղափոխելու և այնտեղ վերջինիս խոշտանգելու դեպքի առթիվ 2016 թ. հունիսի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ հիմք ընդունելով Ա. Առաքելյանի՝ 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցը՝ հոգեբուժական հաստատությունում իրեն ծեծելու վերաբերյալ:
Նույն հարցազրույցում Արմինե Առաքելյանի կողմից արված մեկ այլ հայտարարության ուղղությամբ, համաձայն որի՝ իրավապահները բռնության գործադրմամբ են իրեն դուրս հանել ավազանից և ձեռքերը ոլորելով՝ ձեռնաշղթաներ հագցրել, ինչը վերահաստատել է նաև հարուցված քրեական գործի շրջանակում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ, պատկան մարմինները միջոցառումներ չեն ձեռնարկել:
Վերոգրյալի կապակցությամբ Արմինե Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2016 թ. հոկտեմբերի 10-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ իրավապահների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ՝ Արմինե Առաքելյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցելու և այն ըստ ենթակայության՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ. Մաթևոսյանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, 2016թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ հետաձգել է դրա լուծումը՝ պատճառաբանելով, որ հարուցված քրեական գործի շրջանակում «կատարվում են ապացույցների հավաքմանն ուղղված քննչական աշխատանքներ, ուստի միջնորդության մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ պարզելուց, մի շարք անհրաժեշտ այլ քննչական գործողություններ կատարելուց հետո միայն հնարավոր կլինի լուծել սույն միջնորդությունը»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ