Բաժիններ՝

«Բոլորս էլ հասկանում ենք, որ քվեարկելու ենք կողմ, դրվի դարակում. մի՛ բերեք ուտոպիստական նախագծեր». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատութան նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ այս օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ինչպես նաև քրեական պատիժների համար ազատազրկման կամ այլ պատժի դատապարտված  անձանց համար մասնագիտական ուսուցման իրավունքի և այդ իրավունքի իրացման համար մեխանիզմների  ամրագրմամբ։ Նա նկատեց, որ գործող օրենսդրությամբ ներկայումս դատապարտյալն ունի համապատասխան իրավունքներ, ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել  դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն և հետբուհական, մասնագիտական կրթությունն ապահովելու համար։

«Այդուհանդերձ, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, գտնում ենք, որ դատապարտյալը իրավունքի անհրաժեշտություն ունի,  դա մասնագիտական ուսուցումն է։ Հենց անձն ազատվեց քրեակատարողական հիմնարկից,  նա դառնում է  զբաղվածության ծառայության շահառու։ Մենք շատ  կարևոր լուծում ենք առաջարկում, որպեսզի պատիժը կրող անձն ազատվելուց  վեց ամիս առաջ դառնա զբաղվածության ծառայության շահառու, և, ըստ այդմ,  քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավորություն ունի ներկայացված նախագծերով  6 ամիս առաջ իրազեկել այնտեղ գտվող անձին, որ զբաղվածության ծառայությունն առաջարկում է մասնագիտական ուսուցման ծրագրեր, ու, եթե դատապարտյալը ցանկություն է հայտնում սովորել, քրեակատարողական հիմնարկի ներսում կապահովեն դա»,- նշեց փոխնախարարը։

Ս. Քրմոյանի խոսքով՝ այն անձինք, որոնք դատապատվել են ազատազրկման հետ չկապված պատժատեսակների, օրինակ՝ տուգանքի, հանրային աշխատանքների, գործող կարգավորումների համաձայն՝ գործազուրկ չեն համարվում և համապատասխան  արտոնություններից չեն օգտվում. «Մենք այդ բացը վերացնում ենք, և եթե անձը քրեակատարողական հիմնարկում չի կրում պատիժը, այդ պարագայում նա նույնպես  մնում է այդ զբաղվածության ծառայության շահառու ու օգտվում է նույն արտոնություններից։ Ակնկալում ենք, որ օրենքի ընդունման լրացուցիչ երաշխիքներ կամրագրենք, որ  Քրեական օրենսգրքով ամրագրված պատժի  հիմնական նպատակները կարողանանք ապահովել։ Եթե մենք հանցագործությունների պատճառներից մեկը դիտենք  սոցիալական խնդիրները, այդ թվում՝ աշխատանքի և ապրուստի միջոցների բացակայությունը, մենք վերջին 6 ամիսներին աշխատանք ենք տանում և երաշխիքներ ենք ամրագրում, որ անձը դուրս գալուց  հետո աշխատանք կունենա, կամ հավանականությունը մեծ կլինի, որ կունենա, ու կրկնահանցագործության ռիսկը կնվազեցվի»։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ օրենքով լավ բան են ամրագրում. «Բայց  բոլորս էլ հասկանում ենք, որ քվեարկելու ենք կողմ, դրվի դարակում. մի՛ բերեք ուտոպիստական նախագծեր, անիմաստ նախագիծ եք բերել, բոլորս էլ հասկանում ենք, որ  այսօր Հայաստանում աշխատատեղ չկա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս