«Մենք չենք լքի Իրաքի մեր թուրքմեն եղբայրներին». Չավուշօղլուն սպառնացել է միջոցներ ձեռնարկել
Անկարան միջոցներ կձեռնարկի, եթե Իրաքի Թալ-Աֆար քաղաքում ապրող թուրքմեններին վտանգ սպառնա, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Շիական ընդդիմությունը նախօրեին հայտնել էր Մոսուլից 50 կմ հեռավորության վրա գտնվող Թալ-Աֆար քաղաքը գրավելու և ԴԱԻՇ-ի զինյալների փախուստի ճանապարհը փակելու մտադրության մասին։
«Մենք միշտ դեմ ենք հանդես եկել Սիրիայում և Իրաքում կրոնամիջյան տարբերություններին։ Դա շատ վտանգավոր վիճակ է, սակայն դասեր ոչ ոք չի քաղել։ Մենք տեսնում ենք, որ շիական աշխարհազորայինները փորձում են մտնել Մոսուլ, սակայն ԴԱԻՇ-ի դեմ պետք է պայքարեն տեղի ուժերը։
Անհրաժեշտ է ուշադիր լինել Մոսուլի և Թալ-Աֆարի էթնիկ հավասարակշռությանը։ Եթե Թալ-Աֆարի մեր թուրքմեն եղբայրների նկատմամբ սպառնալիքի վտանգ առաջանա, մենք չենք լքի նրանց և չենք մնա անմասն»,- հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսին։