
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է». Հերբերտ Զալբեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում, Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը։
Դիվանագետը դրական գնահատական է տվել Ադրբեջան կատարած այցին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկ կայացած հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակը։
«Այս այցի ընթացքում ես ցանկանում էի այցելել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի շրջանում գտնվող վայրեր և հանդիպել ներքին տեղահանվածների հետ, որոնք ապրում են այդ շրջաններում։ Իմ նախորդ այցերի ժամանակ ես հանդիպել եմ ներքին տեղահանված անձանց հետ, որոնք ապրում են Բաքվում ու հարևանությամբ գտնվող մյուս քաղաքներում»,-ասել է եվրոպացի պաշտոնյան։
«Ռուսաստանը հատկապես ակտիվ է այդ իրավիճակում և, թեև դեռ առաջընթաց չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է Զալբերը։