Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները ժամանել են Արցախ
Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հերթական խումբը (ավելի քան 350 հոգի) օրերս ժամանել է Արցախ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը և տեղեկացրել, որ Երևանից ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ ուղևորներին ճանապարհել և բարեմաղթանքների խոսքեր է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շնորհակալություն է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախարարին և Ստեփանակերտի իր գործընկերոջը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, սերտ համագործակցության, ծրագրին աջակցելու համար:
«Երևանից ժամանած ծնողներին աղուհացով դիմավորել են ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանի զորամասում: Ավանդույթի համաձայն, զինվորների ուղեկցությամբ նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Որից հետո տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում: Ելույթներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի` զինվորական անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և ուրիշներ: Ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինվորներ պարգևատրվել են Տարոն Մարգարյանի շնորհալակագրերով»,-ասել է Ա. Հակոբյանը և հավելել, որ նույն օրը զորամասի ակումբում համերգային ծրագրով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան երգի-պարի համույթը:
Նշենք նաև, որ ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում, 2013 թվականից սկսած արդեն շուրջ 7000 ծնողների հնարավորություն է ընձեռվել մեկնելու սահմանամերձ զորամասեր և անձամբ ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: