Հոկտեմբերի 27-ին հրապարակվելու է «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը
Հոկտեմբերի 27-ին, հրապարակվելու է «Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը:
Ճանապարհային քարտեզը մշակել են Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա Ծռեր» խմբավորման և «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչները:
Ճանապարհային քարտեզը մտահղացված է որպես ազգային-ազատագրական շարժման գաղափարական-ծրագրային հիմնարար փաստաթուղթ, որը նախատեսում է համախմբել հայությանը և Հայաստանի քաղաքացիներին և նրանց կամքի արտահայտմամբ ու իրագործմամբ սկիզբ դնել մարդկային երջանկության ապահովմանը և ազգային իղձերի կատարմանը կոչված հայրենի պետականության:
«Սասնա Ծռեր» անվանումը հուշում է, որ Ճանապարհային քարտեզի արժեհամակարգը, ռազմավարական ուղենիշները և ապագայի տեսլականը բխում են «Սասնա Ծռեր» հայոց էպոսի իմացաբանական ու հոգևոր-մշակութային համակարգից, իսկ նրա մեթոդը էությունն է՝ հանուն ազատության ու արժանապատվության զոհաբերական պատրաստակամությամբ ընդվզումը:
Ճանապարհային քարտեզը Նոր Հանրապետության հիմնադրման տեսական հիմնավորումների, նպատակների նախանշման և խնդիրների առաջադրման համատեքստում ներկայացնում է Հայաստանի ապագաղութացման ու ինքնիշխանության հաստատման, Արցախը Հայաստանին դե յուրե միավորման և Հայաստանում ժողովրդի իշխանության վերականգնման ծրագիրը:
Ճանապարհային քարտեզը կենդանի և ապրող փաստաթուղթ է, ուստի ենթակա է մշտական լրամշակման ու կատարելագործման:
«Սասնա Ծռեր» խմբավորում