ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստի երրորդ օրվա աշխատանքը: Գրանցվել է 102 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Հոկտեմբերի 25-ի նիստում խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական կարգավորմամբ կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում: Ըստ պարոն Եղիազարյանի՝ փաթեթի ընդունմամբ կպարզեցվի ոստիկանության կողմից երկքաղաքացիների վերաբերյալ իրականացվող վարչարարությունը, իսկ ՀՀ քաղաքացիներն այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կազատվեն առանց անհրաժեշտության ոստիկանությանը տեղեկացնելու պարտականությունից:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացրել է 2014 թվականի մարտի 10-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիան: Ըստ հիմնական զեկուցողի՝ կոնվենցիայի նպատակն է կարգավորել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու հետ կապված հարաբերությունները եւ դրանով պայմանավորված` նվազեցնել միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:
Այնուհետև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացրել է նաեւ 2015 թվականի մայիսի 15-ին Բրատիսլավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ: