ՌԴ-ում ցանկանում են արգելափակել LinkedIn սոցցանցը
«Ռոսկոմնադզորը» մտադիր է Մոսկվայի քաղաքային դատարանից հասնել աշխատանքի որոնման LinkedIn սոցիալական ցանցի արգելափակմանը՝ նշելով, թե այն խախտում է Ռուսաստանում երկրի քաղաքացիների անձնական տվյալների պահպանության մասին օրենքը։
Օգոստոսին «Ռոսկոմնադզորը» դիմել էր Մոսկվայի Տագանսկի դատարան այն բանից հետո, երբ սոցցանցից պատասխան չէր ստացել իր երկու հարցմանը, այն է՝ տրամադրել անձնական տվյալների մասին օրենքի կատարման մասին տեղեկատվություն։ Արդյունքում՝ դատարանը բավարարել էր ինտերնետ-ռեսուրսի արգելափակման մասին հայցը։
«Եթե Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատի Առաջին ատյանի դատարանի որոշումը, մենք սոցցանցը կներառենք անձնական տվյալների խախտողների ռեեստր, ինչը ենթադրում է ռեսուրսի արգելափակում Ռուսաստանի տարածքում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։