«Քլինթոնի պլանները Սիրիայում կհանգեցնեն Երրորդ համաշխարհային պատերազմի». Թրամփ
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու Հիլարի Քլինթոնի պլանները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա՝ փոխարեն համոզելու, որ երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադը հրաժարական ներկայացնի։
Քլինթոնն ավելի վաղ առաջարկել էր Սիրիայի երկնքում առանց թռիչքների գոտի հայտարարել։
«Դուք այլևս չեք պատերազմում Սիրիայի հետ, դուք կռվում եք Սիրիայի, Ռուսաստանի ու Իրանի դեմ, համաձա՞յն եք»,- հայտարարել է Թրամփը։
«Ռուսաստանը միջուկային կայսրություն է, սակայն այնպիսին, որտեղ միջուկային զենքը գործում է՝ ի տարբերություն այն երկրների, որոնք միայն դրա մասին խոսում են»,- հայտարարել է հանրապետական թեկնածուն։
Դոնալդ Թրամփը նաև ենթադրում է, որ Քլինթոնը չի կարողանա բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ նրա հասցեին ուղղված կոշտ քննադատություններից հետո։
«Ինչպե՞ս է նա պատրաստվում հրաժարվել իր խոսքերից և բանակցությունների սեղանի շուրջ նստել մի մարդու հետ, որին անձամբ է դարձրել չարիքի մարմնացում։ Այն, ինչ մեզ անհրաժեշտ է անել, ԴԱԻՇ-ի վրա կենտրոնանալն է»,- նկատել է Թրամփը։