Վիգեն Սարգսյանը բավականին կտրուկ է խոսել քառօրյա պատերազմին հերթափոխով աշխատող կամավորների մասին. մանրամասներ փակ նիստից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում։ Հանդիպման հենց սկզբում նորանշանակն իրեն ապահովագրել է՝ պատգամավորներին խիստ զգուշացնելով արտահոսքի բացառման մասին։
Փաստորեն, որոշել է խուսափել նախորդի ճակատագրից։ Հիշենք, որ Սեյրան Օհանյանի ու խորհրդարանականների վերջին փակ հանդիպման մանրամասներն ամբողջությամբ հայտնվել էին մամուլի էջերում։ Այնուամենայնիվ, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել երեկվա հանդիպումից, մասնավորապես այն, որ նախարարը բավականին կտրուկ է խոսել կամավորների մասին, որոնք ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո հերթափոխով աջակցում են զինծառայողներին, բայց որոնց մասին իրարամերժ կարծիքներ կան՝ նախ, որ ծերերը, չտիրապետելով նոր տեխնոլոգիաներին, ավելի շատ խանգարում են զինծառայողներին, ինչպես նաեւ որոշների համար զորամասեր մեկնելը խոպան է հիշեցնում եւ այլն…
Հանձնաժողովի անդամ գեներալ Մանվել Գրիգորյանը հիմնականում լուռ է եղել, փոխարենը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը։ Սեյրան Օհանյանի երբեմնի «պաշտպանը» նույն սիրառատությամբ քծնել է նաեւ Վիգեն Սարգսյանին…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: