
Բաքվում Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու համար ընդդիմադիր ակտիվիստը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեքշաբթի երեկոյան NİDA շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով:
Դատարանը Բայրամովին մեղավոր է ճանաչել խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, հայտնում է contact.az-ը:
Հետաքրքիր է, որ դատավորը ավելի ծանր պատիժ է նշանակել, քան առաջարկում էր դատախազը, որը պահանջում էր ակտիվիստին ազատազրկել 9 տարով:
Հիշեցնենք, որ Գիյաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը կալանավորվել էին մայիսի 10-ին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, սակայն նրանք հայտարարել են, որ իրենց կալանավորման իրական պատճառը երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա արված գրություններն էին: Մայիսի 9-ին՝ Հեյդար Ալիևի ծննդյան նախօրեին վերջիններս սկանդալային գրառումներ էին կատարել հուշարձանի վրա, ինչը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում:
Հուշարձանի երկու կողմերում սպիտակ ներկով անգլերեն գրված էր եղել (Fuck the system!) ու ադրբեջաներենով՝ «Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ» (Qul bayramınız mübarək!): Վերջիններս օգտվել էին Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ակտիվիստներին ճանաչել է «խղճի բանտարկյալներ»։