Բաժիններ՝

Twitter-ն իր աշխատակիցների զանգվածային հեռացումներ է նախապատրաստում

Twitter Inc. ընկերությունը, որը Twitter միկրոբլոգների ծառայության սեփականատերն է, այս շաբաթ կհայտարարի իր աշխատակիցների նոր զանգվածային հեռացումների մասին՝ կապված բացասական ֆինանսական ցուցանիշների հետ։

Bloomberg գործակալության տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել հաստիքակազմի 8 տոկոսի հեռացմանը, այսինքն՝ շուրջ 300 աշխատակիցների:

Նույնքան աշխատակիցներ հեռացվել էին մեկ տարի առաջ, երբ ընկերությունում սկսված խնդիրների պատճառով նրա հիմնադիր Ջեք Դորսին զբաղեցրեց գլխավոր տնօրենի պաշտոնը, որպեսզի անձամբ կառավարի ընկերությունը նրա համար դժվարին ժամանակաշրջանում:

Հոկտեմբերի 27-ին թարմ տվյալներ են սպասվում երրորդ եռամսյակի վերաբերյալ, սակայն առանց դրանց էլ ակներեւ է այն աղետալի վիճակը, որում հայտնվել է Twitter-ը, որի զուտ վնասն անցյալ տարի կազմել է ավելի քան կես միլիարդ դոլար: Վերջին 12 ամսվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի գնանշումներն ընկել են 40 տոկոսով:

2016 թվականի հունվարին գրանցվել էր ամսական թվիթների թվաքանակի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 300 միլիոն, ինչն ավելի քան կրկնակի պակաս է 661 մլն թվիթ առավելագույն ցուցանիշից, որն արձանագրվել էր 2014 թվականի օգոստոսին:

Այդուհանդերձ, Twitter-ից առաջվա պես ակտիվորեն օգտվում է շուրջ 313 մլն մարդ ամբողջ աշխարհում, հաղորդել է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս