«Կոնկրետ Քուվեյթի հետ եղե՞լ է արդյոք քրեական օգնության խնդիր». Քննարկում ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է 2016 թվականի մարտի 23-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ համաձայնագրում ամրագրված դրութների իրագործումը կնպաստի հանցագործությունների քննման արդյունավետության բարձրացմանը,  կստեղծի քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության տրամադրման իրավական հիմքեր  ու դրանով իսկ կնպաստի երկու պետությունների միջև համագործակցության և ավանդական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե քանի՞ նմանատիպ համաձայնագիր ունենք մենք մինչ օրս, և կոնկրետ Քուվեյթի հետ եղե՞լ է արդյոք  քրեական օգնության խնդիր, որ այս համաձայնագրի չլինելը բացասական խնդիրներ է առաջացրել։ Ի պատասխան՝ հիմնական զեկուցողն ասաց, որ իրավական օգնության և քրեական ու քաղաքացիական գործերով  իրավիճակը հիմնականում այնպիսին է, որ եվրոպական և ԱՊՀ պետությունների հետ այդ խնդիրները  կարգավորում ենք մի շարք բազմակողմ միջազգային պայմանագրերով։

«Այդ շրջանակներից դուրս մնացած պետությունների հետ մենք համապատասխան խնդիր ենք ունենում, երբ առաջանում են կոնկրետ իրավիճակներ, երբ նման  օժանդակությունն անհրաժեշտ է, բայց բացակայում է  իրավական հիմքը։ Ինչպես Քուվեյթի պետության, այնպես էլ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության  հետ մենք անցյալում նմանատիպ խնդիրներ ունեցել ենք, և պատշաճ իրավական հիմքի ստեղծումը կնպաստի ինչպես՝ այդ կոնկրետ խնդիրների լուծմանը, այնպես էլ՝ ընդհանուր մեր երկկողմանի հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա հասցնելուն»,- նշեց Վ. Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս