Ե՞րբ կստորագրվի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը

Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի լիագումար բանակցությունը: 168.am-ն ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ կան բանակցություններից:

«Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ի հետ սահուն ընթացքով բանակցությունները կշարունակվեն, և ավարտին կհասցնեն: Որոշակի խնդիրներ կան, որոնք հիմա քննարկման փուլում են գտնվում, հատկապես ներդրումային քաղաքականության և տնտեսական ոլորտում որոշ համագործակցությունը: Բնականաբար` մենք հիմա որպես ԵՏՄ անդամ պետություն ենք բանակցում՝ մեր մեջքի ետևում ունենալով ԵՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Հետևաբար, պետք է գտնենք բոլոր եզրերը, համատեղելի դարձնենք ԵՄ-ի հետ մեր հետագա համագործակցության համար, և ունենանք ոչ թե թույլ հիմքերով համաձայնագիր, այլ ընդհակառակը, ամուր իրավական հիմքերով, որ այն լինի իրատեսական, կիրառելի, գործարկելի, և համաձայնագրում հնարավորին չափ քիչ լինեն դեկլարատիվ բնույթի հայտարարությունները»,- ասաց Ա.Զաքարյանը:

Ըստ նրա` երկու կողմերից բանակցող թիմերն ունեն բավականին բարձր պրոֆեսիոնալիզմ և ժամանակի ընթացքում կգտնեն բոլոր պատասխանները:

Դիտարկմանը, որ համաձայնագրի ստորագրման տարբեր ժամկետներ են նշում` այս տարվա վերջ, մյուս տարվա սկիզբ, ի վերջո, ե՞րբ է նախատեսվում ստորագրել փաստաթուղթը, Ա. Զաքարյանը նշեց, որ ճիշտ չէ ժամկետ նշելը, խնդիրն ինչ-որ ժամկետում հասցնելը չէ, այլ ֆունդամենտալ, ամուր պայմանավորվածություններ ձեռք բերելը: Նրա խոսքով` շատ աշխատանք չի մնացել:

Հարցին` հնարավո՞ր է՝ ինչ-որ խոչընդոտ առաջանա և այս անգամ էլ չստորագրվի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, այսինքն` դա շատ ու շատ տարբեր հանգամանքներից կարող է լինել, բայց այսօր դրանք առկա չեն: Ամեն ինչ կախված է, թե երբ փոխադարձ համաձայնության կգան: Դրանից են կախված ժամկետները»:

ԵՏՄ-ից խոչընդոտներ, նրա հավաստմամբ, որպես այդպիսին, չկան, կա միայն օբյեկտիվ իրականություն, ստանձնած պարտավորություններ, որ Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող ԵՄ-ի հետ տնտեսական կանոնների հետ հակասության մեջ դնել, հետևաբար՝ պետք է գտնել լավագույն լուծումը` երկարաժամկետ համագործակցություն ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս