«Հայերի հետ ընկերություն եմ արել, անում եմ ու անելու եմ՝ ոչ ոքի չհարցնելով». Սոսո Պավլիաշվիլին՝ Ղարաբաղի պատճառով իր համերգը Բաքվում բոյկոտելու մասին
52-ամյա երգիչ Սոսո Պավլիաշվիլին ռուսական Life-ի հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանցի կինոգործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի արտահայտությունները, որը կոչ էր արել արտիստին հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան։
Life-ը տեղեկացնում է, որ հայտնի վրացի երգիչը ներքաշվել է սկանդալի մեջ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները օրերս հրապարակել էին 70-ամյա Ֆաթալիևի նամակը, որտեղ վերջինս հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։
Վերջինիս հռետորաբանությանը Սոսո Պավլիաշվիլին արձագանքել է բավական հանգիստ՝ համարելով, որ այդկերպ Ֆաթալիևը ցանկանում է ուշադրության կենտրոնում հայտնվել։
Երգիչը Life-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր համերգները չեն կրում քաղաքական բնույթ, իսկ հայ ժողովրդի հետ հարաբերությունները ոչ մի հակամարտություն չի կարող փչացնել։
«Դուք ինձ համար մի՛ անհանգստացեք։ Անբանների գործն է խոսել այն մասին, ինչ ցանկանում են։ Կգնամ Բաքու, թե ոչ, ես այդ դրամատուրգին չեմ հարցնի, ես անգամ չգիտեմ՝ նա ով է։ Նա հիմա հայտնի է դառնում, ես նրան շնորհավորում եմ։ Թող ինձ գոնե մեկ շիշ կոնյակ նվիրի։ Իմ համերգին թող գա, նրան հրավիրում եմ։ Ես խաղաղության մարդ եմ։ Ես ընկերություն եմ արել ու ընկերություն եմ անելու մարդկանց հետ ոչ թե նրանց ազգության և հավատի պատճառով, այլ նրանց արարքների։
Աստված ինձ չի ասել՝ ահա, քեզ տաղանդ, նրանց համար երգի, մյուսների՝ ոչ։ Իսկ եթե այդ դատարկաբանները ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը, թող դիվերսիոն խմբեր ստեղծեն, գնան և վերադարձնեն։
Նրանք պատկած են բազմոցին, մտածում են՝ կգնա՞ արդյոք Սոսոն Բաքու, թե՞ ոչ։ Դրանից Ղարաբաղը վերադարձնելը, փառք Աստծո, կախված չէ։ Ես այն ոչ ոքից չեմ խլել, որպեսզի վերադարձնեմ։ Որտեղ ինձ սպասում են, այնտեղ կգնամ ու կերգեմ։
Բաքվից ինձ մշտապես զանգում են ու ասում. «Սոսո, մենք երգում ենք քո երգերը, շնորհակալություն, որ դու կաս։ Բաքուն քեզ սիրում է»։
Ամեն մարդ իրավունք ունի ասել իր կարծիքը։ Թող նա խոսի, եթե ցանկանում է։ Ես երբեք ոչ մի պատերազմ չեմ բորբոքել։ Եթե ինչ-որ մեկը կրակը վառել է, ես ցանկանում եմ այն միայն մարել։ Հայերի հետ ընկերություն եմ արել, անում եմ ու անելու եմ՝ ոչ ոքի չհարցնելով։
Ես անգամ իմ ծնողներին վաղուց չեմ հարցնում՝ ում հետ ընկերություն անեմ և ինչպես ապրեմ։
Բաքվում մենք շուտով բարեգործական մեծ համերգ կտանք։ Ես բոլորին հաճույքով հրավիրում եմ»,- ասել է երգիչը։