Արագած Ախոյանը հիացած է Ռուզաննա Մուրադյանի ներկայացրած նախաձեռնությամբ
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուսաննա Մուրադյանի հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։
Նա նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը շատ կարևոր են. «Սա այն հարցն է, որ վերաբերում է մեր անվտանգությանը, առողջ ապրելակերպին։ Փորձել ենք էկոլոգիական կուլտուրան վերանվանել էկոլոգիական մշակույթ, սահմանումը փոխել։ Էկոլոգիական մշակույթ՝ մարդու և բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման փուլ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ և գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը»։
Պատգամավոր Արագած Ախոյանն իր հիացմունքը հայտնեց Ռ. Մուրադյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ. «Նախ, ուզում եմ հիացմունքս հայտնել և շնորհակալություն հայտնել նման օրենքի նախագծի համար, որը պահանջված էր վաղուց, որի մասին, կարծում եմ, չկա մի մարդ, որ իր մտքում անցկացրած չի լինի այս տարիների ընթացքում։ Կուզեի իմանալ՝ ի՞նչ եղանակով է դա իրականանալու։ Կառաջարկեի, որ դա լիներ առանձին առարկա։ Հաճախ լինելով արտասահմանում, ուղղակի նախանձով ենք նայել և վերաբերվել այն մշակույթին, որ ձևավորված է զարգացած երկրներում, այո՛, այդ պահանջարկը կա»։
Ի պատասխան՝ Ռ. Մուրադյանն ասաց, որ հատուկ առարկա եղել է նույնիսկ Սովետական Միության տարիներին, որը կոչվել է էկոլոգիայի հիմունքներ. «Ես կողմնակից եմ նրան, որ այս գիտությունն ինտեգրված լինի դպրոցական դասագրքերի մեջ՝ որպես ընթերցանության նյութ, իսկ ավելի մեծ տարիքում, երբ մասնագիտական կողմնորոշման խնդիր պետք է առաջանա ավագ դպրոցում, արդեն լինի հատուկ առարկա, որտեղ ավելի կխորանան այս առարկայի խորքերը»։
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ առիթ եղե՞լ է, որ կառավարության եզրակացություն տված կառույցների հետ այդ թեման քննարկեն, քանի որ, ըստ նրա, եզրակացություններ կան, որ անհասկանալի են։
Ռ. Մուրադյանն ասաց, որ իրենք քննարկել են այս նախագիծը և՛ մասնագետների, և՛ Կրթության հանձնաժողովում հրավիրված մասնագետի հետ. «Իսկ եզրակացությունների մասով ինքս նկատել եմ, որ օրենսդրական տարբեր նախաձեռնությունների եզրակացությունները կարծես ընդհանուր ֆորմատով են գալիս, ու այդ ֆորմատի մեջ փոխվում են միայն թեմատիկ բառերը, հիմնական ֆորմատը մնում է նույնը։ Այս ուղղությամբ ես էլ եմ համամիտ ձեզ հետ»։
«Կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմին խնդրում եմ ավելի լուրջ մոտենալ այն եզրակացություններին, որոնք տրվում են՝ համապատասխան օրենքների հետ կապված։ Հիմա նայում ենք, ոչ մի տեղ չի երևում՝ որ նախարարության եզրակացությունն է, սա վերաբերմունք է և՛ տվյալ օրենսդրական նախաձեռնությանը, և՛ իրենց, և՛ Ազգային ժողովին»։