Բաքուն Խորվաթիային կոչ է արել ներդրումներ կատարել Ադրբեջանի տնտեսությունում
Ադրբեջանը խորվաթական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների ու քիմիական արդյունաբերության մեջ։
Ինչպես հայտնում է Turan-ը, այդ մասին ադրբեջանա-խորվաթական բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտահանման խթանման և ներդրումների հիմնադրամի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը։
Բիզնես ֆորումն անցկացվում է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի՝ Բաքու այցի շրջանակներում։
Միջոցառմանը ելույթ ունեցած Խորվաթիայի Տնտեսական պալատի նախագահ Լուկա Բուրիլովիչը հայտնել է, որ Խորվաթիայից Ադրբեջան արտահանումը 2015թ. կազմել է 396 մլն դոլար, ինչը 14%-ով ավելի է 2014թ. համեմատ։
Ադրբեջանը Խորվաթիա է արտահանել 392 մլն դոլարի արտադրանք։
Այցի շրջանակներում Խորվաթիայի նախագահը հանդիպել է նաև SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ, որի հետ զրույցում ասել է, որ Խորվաթիան անհամբերությամբ է սպասում ադրբեջանական գազի մատակարարմանը։