«Նախագահական հանդիպման հստակ ամսաթվեր դեռ պարզ չեն». Ուորլիք
«Նախագահների քաղաքական կամքի պարագայում նախագահական հանդիպում կարելի է կազմակերպել շատ սեղմ ժամկետներում»,- այս մասին այսօր Երևանում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով այցի օրակարգին ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին:
Ջեյմս Ուորլիքը տեղեկացրեց, որ համանախագահների տարածաշրջանային այցի առաջին կանգառը Բաքուն էր, որտեղ նրանք հանդիպեցին Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի հետ, ապա ուղևորվեցին ԼՂ, որտեղ երեկ հանդիպեցին դե ֆակտո իշխանությունների հետ, ապա այսօր առավոտյան Քելբաջարով մեքենայով եկան Երևան, որի համար դեսպան Ուորլիքն ուրախ է: Նրա փոխանցմամբ՝ համանախագահները սպասում են ՀՀ նախագահ Սարգսյանի հետ իրենց հանդիպմանը, սպասում են նաև ՊՆ նոր նախարարի հետ, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի հետ առանձին հանդիպմանը:
Ջեյմս Ուորլիքը տեղեկացրեց, որ տարածաշրջան են եկել մի քանի նպատակներով: Առաջինը, ըստ նրա, պետք է խոսեն հրադադարի պահպանման նկատմամբ հարգանքի ապահովման մասին, և նրա գնահատմամբ, գոհացնող է, որ հրադադարն ապրիլից հետո մեծամասամբ պահպանվել է, թեև եղել են դեպքեր, և այդ դեպքերի առիթով կողմերի հետ ուզում են խոսել, տեղյակ են շփման գծում, ինչպես նաև ՀՀ-Ադրբեջանի սահմանին լարվածության մասին: Իրենց այցի երկրորդ պատճառը, Ուորլիքի փոխանցմամբ, ցանկանում են հետամուտ լինել նախագահների կողմից Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակի համաձայնությունների կատարմանը: «Մենք խոսում ենք այդ համաձայնությունների իրականացման մասին: Նախագահ Սարգսյանի հետ ևս կշարունակենք քննարկումները: Որպես միջնորդներ, աշխատում ենք ԼՂ հակամարտության գոտում տևական խաղաղության ուղղությամբ: Հուսով ենք, որ երկխոսությունը կընթանա ամենաբարձր մակարդակում, կարծում ենք, որ հնարավորինս շուտ նախագահները հնարավորություն կունենան հանդիպել»,- ասաց Ուորիքը: Վերջինս նշեց, որ այցի կազմակերպման հստակ ամսաթվեր դեռ պարզ չեն: Սակայն, նրա հավաստիացմամբ, նախագահների քաղաքական կամքի դեպքում նման հանդիպում հնարավոր է կազմակերպել շատ սեղմ ժամկետներում: