Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ականներին դեռ չի պատասխանել

Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանից արձագանք չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` հավելելով, որ ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի պատասխանին և հուսով են, որ առաջիկայում կլինի:

Երեկ, հիշեցնենք, որ ԲՀԿ մարզային կառույցների ներկայացուցիչներն ակցիա էին իրականացրել Ծառուկյանի տան մոտ՝ նրան խնդրելով վերադառնալ քաղաքականություն:

Ակցիային մասնակցած Վահե Էնֆիաջյանը հերքեց տարածված լուրերը, թե Ծառուկյանը նրանց հորդորել է ցրվել, և ճշտեց, որ ոչ թե ցրվելու, այլ տարածքը լքելու կոչեր են եղել Ծառուկյանի կողմից: Նրա խոսքով` տան անվտանգության աշխատակիցներն են այնտեղ եղել, տարածքի մուտքի հետ կապված է խնդիր եղել.

«Ես այդ ժամանակ տարածքում չեմ եղել, այդ խնդիրն իմ ժամանելուն պես, մեծ հաշվով, կարգավորվել է: Անվտանգության աշխատակիցներն էլ փոխանցել են Գագիկ Ծառուկյանի խոսքը, որ այս պահին անհնար է նրանց հետ հանդիպումը, բայց նաև ասել է, որ ինքը որևէ հարցում կաշկանդված չէ հրապարակավ խոսք ասելու»:

Կարդացեք նաև

Ըստ Էնֆիաջյանի` Ծառուկյանի վերադարձի կարիք կա, քանի որ ԲՀԿ-ականները գտնում են, որ նրա մարդկային տեսակն ու որակը բավարար է, որ նա ներգրավվի քաղաքական դաշտում այն փոփոխությունների իրականացմանը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ քաղաքականություն վերադառնալու դեպքում Ծառուկյանը կրկին կարժանանա նախկին ճակատագրին, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց.

«Եկեք մի քանի բան առանձնացնենք. նախ` Գագիկ Ծառուկյանն ինչի՞ համար մի կողմ քաշվեց ակտիվ քաղաքականությունից: Այդ հայտնի դեպքն իր հերթին արձանագրելով հանդերձ, մենք, հատկապես` Գագիկ Ծառուկյանը, շատ լավ գիտակցում էինք, որ, եթե հասարակությանը փողոց հանեինք և հեղափոխական ճանապարհը մենք շարունակեինք փողոցում, ապա արյունահեղություն էր տեղի ունենալու: Մենք ինքներս փոփոխությունների կարիքն արձանագրել ենք և հիմա էլ ենք արձանագրում, բայց ճանապարհներ կան, գործիքակազմ կա քաղաքական դաշտում, որից մենք չենք օգտվել և չենք օգտվի: Եվ եթե այնպիսի մարդիկ կան, որոնք հորդորում են կամ նման սպասելիքներ ունեն, մեծ հաշվով, ոչ ոք նրանց ո՛չ ձեռքն է բռնել, ո՛չ էլ ոտքերն է կապել, կարող են նման ճանապարհով գնալ: Մենք նման ճանապարհով չենք գնացել, չենք էլ հորդորում, որ ինչ-որ մեկն այդ ճանապարհը համարի մեր պետության համար արդիական»:

Տեսանյութեր

Լրահոս