«Այս Ընտրական օրենսգիրքը ստիպում է ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի». Լյովա Խաչատրյան
«Կապրենք՝ կտեսնենք, ժամանակ դեռ կա»,- այսօր ԱԺ-ում 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ խորհրդարանական ընտրությունների գործընթացների շրջանակներում ԲՀԿ-ն միավորվի ՀԱԿ-ի հետ:
ՀԱԿ-ը, հիշեցնենք, երեկ հայտարարել է, որ սկսում է 2017 թվականի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը և ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը:
Ըստ Լ.Խաչատրյանի` միանշանակ է, որ այս Ընտրական օրենսգիրքը ստիպում է ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիա. «Քանի որ չունենք Ընտրական օրենսգիրք, հետևաբար, ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան անհրաժեշտ է»:
Հարցին, թե հակառակ դեպքում ընդդիմադիրները կպարտվե՞ն, Լ.Խաչատրյանը պատասխանեց. «Հակառակ դեպքում՝ քանի որ այս Ընտրական օրենսգիրքն Ընտրական օրենսգիրք չէ, ընտրություն տեղի չի ունենա: Այս Ընտրական օրենսգրքով արդեն 50% ոչ լեգիտիմ խորհրդարան ենք ունենալու, որովհետև կուսակցություններին ձայն չեն տալու, բայց կուսակցությունները գալու են»: