Վրաստանում հուղարկավորել են վթարից մահացած հայ զինծառայող Հակոբ Մալխասյանին
Երեկ տեղի է ունեցել Վրաստանի ԶՈւ ժամկետային զինծառայող Հակոբ Մալխասյանի հուղարկավորությունը հայրենի Նինոծմինդա քաղաքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հիշեցնենք, որ շարքային զինծառայողը մահացել էր հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազի» շրջվելու հետևանքով։ Վթարի հետևանքով ևս մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել:
Հաղորդվում է, որ հուղարկավորության ողջ ծախսը հոգացել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Հուղարկավորությանը ներկա է գտնվել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Վլադիմիր Չաչիբայան, Մալխասյանի ծառայակիցները։
«Ես ցավում եմ Հակոբ Մալխասյանի կորստի համար։ Մենք կձգտենք հնարավորության սահմաններում թեթևացնել նրա ընտանիքի մեծ ցավը։ Ցանկանում եմ հատկապես նշել, որ Հակոբը սեփական ցանկությամբ է ծառայել իր հայրենիքի բանակում։ Երկու շաբաթ էր մնում մինչ նրա պարտադիր ծառայության ավարտը։ Մենք նրան երբեք չենք մոռանա և միշտ կլինենք նրա ընտանիքի կողքին»,- ասել է Լևան Իզորիան։