Արարատի ոստիկանապետն իր վարորդի եւ աշխատակցի հետ ծեծել է քրեագետ լեյտենանտին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզի ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանը իր վարորդի եւ քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել մարզային վարչության քրեագետ Եսայի Էլոյանին:
«Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում: Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա եւ իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին:
Պատճառը, մեր տեղեկություններով, եղել է այն, որ Էլոյանին հրահանգել են ինչ-որ մեքենայի պետհամարանիշներ բարձրացնել Արսեն Աբրահամյանի մոտ, սակայն Էլոյանը արագ չի կատարել հրահանգը: Ի դեպ, մեքենան, ըստ նույն աղբյուրի, ոստիկանապետը նվեր էր ստացել: Երեկ մեզ հետ զրույցում լեյտենանտ Էլոյանը հերքում էր տեղի ունեցածը: Նա հայտարարեց, որ սխալ տեղեկություններ են տարածվում: Նկատենք, որ Էլոյանի ձայնը բավական ընկճված էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: