«Երևանցու բողոքի նամակը հասցեագրում եմ քաղաքապետին». Անահիտ Բախշյան
ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ Աննա Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է թողել ու հասցեագրել նաև ինձ: Այն փոխանցել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Պահանջում եմ, ճիշտն ասած, չգիտեմ՝ քաղաքապետարանում ով է զբաղվում տրանսպորտի հարցերով, բայց կարծում եմ ընկերներս կօգնեն ինձ Արմեն Մարտիրոսյան Davit Sanasaryan Armen Vardanyan Անահիտ Բախշյան
Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ, որ առավոտվա տրանսպորտն էնպես ապահովեն , որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի գնալ մի ոտքի վրա կանգնած, կռացած կամ ինչ որ մեկի շալակը բարձրացած։ Ինչ անի էն մարդը ում աշխատավարձը միայն գոյատևելու համար է հերիքում ու էդքան շնորք էլ չունի գողանալու, թալանելու, կաշառք վերցնելու մեքենա գնելու համար։ Ուրեմն ինչ, պիտի սթրեսային վիճակում ու նվաստացած գնա աշխատանքի՞։ Կարծում եմ՝ շատերը պիտի միանան պահանջիս»:
Ամեն երկուշաբթի գործակարգավարական խոհրդակցությունների ժամանակ զեկուցում են երևանյան տրանսպորտի վիճակի մասին ու ամեն անգամ Դուք լսում ու հանձնարարում եք մեծ ուշադրություն դարձնել տրանսպորտի աշխատանքներին: Ինչպես այս նամակն է վկայում, սայլը տեղից չի շարժվում ու երևանյան տրանսպորտում որևէ դրական տեղաշարժ երևանցիները չեն զգում:
Աննա Դարբինյանը դիմել է նաև Ձեզ, ի՞նչ պատասխանենք երևանցուն, ե՞րբ է Երևանի տրանսպորտում բարեփոխում լինելու, երբվանի՞ց տրանսպորտում մարդիկ մեկ ոտքի վրա կանգնած, կռացած, մեկը մյուսի կռնակին հենված չեն երթևեկելու: Միանում եմ Աննա Դարբինյանի պահանջին ու ակնկալում հուսադրող պատասխան:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ