«Պետրոսի զանգը վարչապետին չի կարող լինել մենաշնորհների դեմ պայքարի լավագույն գործիքը». Լևոն Զուրաբյան
Նոր կառավարության և նրա ծրագրի հետ կապված խնդիրների մասին ՀԱԿ-ը բարձրաձայնել է, և մինչև հարկային, մենաշնորհների, չարաշահումների և այլ խնդիրները չլուծվեն, ոչևէ հիմք չկա, որ վարչապետն իր թիմով հանդերձ՝ Հայաստանում 17 տարի տիրող այս կոռումպացված համակարգի օրգանական շարունակությունը չի: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Այնուամենայնիվ պետք է անմեղության ինչ-որ կանխավարկած ընդունել, որ, եթե հռչակում է կոնկրետ նպատակներ, և դրա հնարավորությունները կան, շատ արագ կարող է ապացուցել, որ իրականում ինքն այս կոռումպացված համակարգը վերափոխելու նպատակ ունի: Շատ արագ կարելի է դա անել և ապցուցել»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Ըստ նրա` մենաշնորհները քաղաքական կամքի հարց է, և այն պահին, երբ իսկապես ապահովվի մրցակցային մթնոլորտ և ցանկացած ընկերության մուտքի հնարավորությունն այս շուկաներ, դա միանգամից կբերի գների նվազման ոչ թե՝ 10-20 դրամով, այլ խոսքը գնում է լուրջ անկման մասին:
«Բնական է, որ Պետրոս Ղազարյանի զանգը վարչապետին չի կարող լինել մենաշնորհների դեմ պայքարի լավագույն գործիքը»,- հիշեցնելով Կարեն Կարապետյանի՝ հեռուստալրագրողների հետ օրերս ունեցած հարցազրույցը, նկատեց Լ. Զուրաբյանը` հավելելով, որ չի ուզում նվազեցնել Պետրոս Ղազարյանի դերը քաղաքական և տնտեսական համակարգում:
Նա նշեց, որ դրա համար է ինքը կոչ արել ԱԺ լսումներ կազմակերպել.
«Նման հարցերը պետք է քննարկել լայն հասարակության առաջ, հրավիրել գործարարների, որոնք հայտարարում են իրենց խնդիրների մասին, հրավիրել սպառողների շահերի ներկայացուցիչների: Այդպես է հասարակությունն ապաքինվում: Պետք է բոլոր հարցերը վեր հանվեն: Պետք են ավելի լուրջ երաշխիքներ, իսկ ժողովուրդը պետք է սպասի գների լուրջ էժանացման` շաքարի, դեղերի, վառելիքի և այլ շուկաներում»: