«Ծառուկյանի վարկանիշը բավականին կայուն-բարձր է, նրա վերադարձի պահանջը կա». Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ նոր կառավարության ծրագիրը նախորդ կառավարությունների ծրագրերից տարբերվում է նրանով, որ 6 ամիս անց սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ու կառավարությունն առաջարկել է կարճաժամկետ ծրագիր.

«Տրամաբանական է, որ այստեղ թվեր պետք է չլինեին։ Միտումները,  թե ինչ էլեմենտներ կան ծրագրում, բավական հետաքրքիր են, այն իմաստով, որ արձանագրվում է՝ Հայաստանում ծանր տնտեսական վիճակ է, ու վիճակի ծանրության պատճառը ներդրումային ոչ բարենպաստ վիճակն է։ Ներդրումների խրախուսման համար կառավարությունը պատրաստվում է ստեղծել հիմնադրամ, այսինքն՝ պետությունը պետք է փորձի ազդել այս միջավայրի վրա՝ դրական իմաստով։ Սա ողջունելի է, որովհետև առաջին անգամ Հայաստանի կառավարությունն արձանագրում է, որ մեզ մոտ կա ներդրումների ոչ բարենպաստ միջավայր ու հենց դա է պատճառը, որ ունենք խնդիրներ»։

Մյուս դրական միտումը, ըստ քաղաքագետի՝ այն է, որ վերջապես շեշտը դրվում է նաև միջին բիզնեսի խրախուսման վրա. «Նկատի ունեմ այն, որ հսկիչ գների մասնակիորեն վերացման խնդիր է դրված։ Վերջապես կառավարությունը խիզախություն ունեցավ նման քայլի գնալու համար»։ Ե. Բոզոյանի խոսքով՝ իշխանությունները փոխեցին կառավարությունը, քանզի պարտադրանք կար ապրիլյան պատերազմից ու ամառվա դեպքերից հետո.

«Իշխանություններն էլ էին հասկանում, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, և այդ պարտադրանքի արդյունքն է, որ, ի վերջո, հրավիրվեցին պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք ոչ թե վերամբարձ ու վերացական լոզունգներով պետք է հանդես գային, այլ պետք է կոնկրետ քայլեր անեին։ Իհարկե, լավ կլիներ, որ քայլերը լինեին ավելի հետևողական ու ավելի շատ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ պայմաններում է ընթանում այս պրոցեսը, մեր հանրության մոտ կա շատ զգուշավոր օպտիմիզմ»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Գագիկ Ծառուկյանի՝  քաղաքականություն վերադառնալու մասին, Երվանդ Բոզոյանը պատասխանեց.

«Ծառուկյանի վերադարձի խնդիրը ոչ թե վերլուծության հարց է, այլ անձնական տիրույթում է գտնվում, նա պետք է որոշի՝ վերադառնա՞լ, թե՞ ոչ։ Վերլուծություններ անել կամ գուշակել՝ իմաստ չունի։ Այս խոսակցությունները սկսվեցին վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, որոնցից պարզ դարձավ, որ 2015թ. փետրվարից հետո քաղաքական դաշտը բաց է մնացել, կա մեծ անվստահություն բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, իշխանություններին չեն սիրում, բայց նաև մյուս քաղաքական ուժերին չեն վստահում, ու բոլորը զգացին, որ Ծառուկյանի վարկանիշը բավականին կայուն բարձր է, նրա վերադարձի պահանջը կա»։

Տեսանյութեր

Լրահոս