«Կառավարության ծրագրին չեմ վերաբերվում՝ որպես ռեալ տնտեսական բարեփոխումների իրականացման ծրագրային փաստաթղթի». Տիգրան Ջրբաշյան
Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ, «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնցով երաշխավորում է հավասար պայմաններ ստեղծել տարբեր երկրների ու հայաստանյան ներդրողների համար, իսկ Հարկային օրենսգիրքը խտրականություն է դնում.
«Դիվիդենտներ հարկելը հակասում է միջազգային համաձայնագրերին։ Չի կարող Հայաստանը ստորագրել միջազգային պայմանագրեր, որոնցով համաձայնություն է տալիս մի ռեժիմին, իսկ հետո ներքին օրենսդրությամբ խտրական մոտեցումներ ցուցաբերի։ Դա կարող էր անել մի երկիր, որն արտասահմանյան ներդրողների գերտաքացած վիճակ ու ներհոսք ունի, իսկ մեզ նման երկիրը, որ ԱՊՀ-ում ամենաքիչ արտասահմանյան ներդրողներն ունի, գնում է նրան, որ խտրական ռեժիմ է դնում արտասահմանյան ներդրողների համար։ Այդ օրենսգրքում տեղական և արտասահմանյան ներդրողների համար տարբեր է դրված դիվիդենտների հարկումը»,- ասաց նա։
Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում կառավարության ծրագրի իրականացումը, ու կարճաժամկետ հատվածում կարո՞ղ ենք արդյունքներ ակնկալել, նա այսպես պատասխանեց.
«Կառավարության ծրագիրը որոշակի իրավիճակի արտահայտում է։ Ինձ համար խնդրահարույց է, երբ մշակվում է կառավարության ծրագիր՝ առանց ունենալու համապատասխան ռազմավարական նպատակների բնորոշումը։ Երբ չունես քո տեսլականը, չես ձևակերպել՝ ո՞ւր ես ուզում գնալ, շատ դժվար է ձևակերպել հստակ միջոցառումների ցանկ։ Այս փաստաթղթի վրա ազդել են որոշակի սահմանափակումները, օրինակ՝ ժամկետը. ենթադրվում է, որ ընտրություններից հետո կառավարությունը պետք է նոր ծրագիր ներկայացնի, համապատասխանաբար, հիմնական շեշտը դրված է այն միջոցառումների վրա, որոնք կարելի է իրականացնել այս ամիսների ընթացքում։ Երկրորդ՝ նախընտրական փուլը, որի ժամանակ դժվար է գնալ այնպիսի քայլերի, որոնք լինեն ավելի ռադիկալ, որովհետև ցանկացած բարեփոխում ենթադրում է որոշակի վճար։ Այդ վճարը հասարակությունն է վճարում, ու այսօր այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց համար հասարակության այս կամ այն շերտը կվճարի, շատ դժվար է պատկերացնել»։
Նա ընդգծեց, որ կառավարության ծրագրին չի վերաբերվում՝ որպես ռեալ տնտեսական բարեփոխումների իրականացման ծրագրային փաստաթղթի. «Ավելի շատ իրավիճակային, տակտիկական փաստաթուղթ է, որով փորձում են մի քանի կետերի վրա որոշակի դեկլարացիաներ անել։ Նաև փորձում են քայլեր անել հասարակության և կառավարության որոշակի անջրպետի լուծման ուղղությամբ։ Այնտեղ չեմ տեսնում լուրջ բարեփոխումների ենթակա քայլեր»։