«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից այս որոշումը կայացվել է հոկտեմբերի 18-ին։

Փաստաբանի խոսքով՝ Ռուբիկ Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Երեկ կողմը ստացել է համապատասխան որոշումը։

Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունից 168.am-ին հայտել էին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ընթացքում ի հայտ են եկել որոշակի հանգամանքներ, հարուցվել էր քրեական գործ:

«ՀՀ Գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Քրեական գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Դատախազի որոշմամբ ժամանակավորապես (մինչև նախաքննության ավարտ) դադարեցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները»,- հայտնել էին Գլխավոր դատախազությունից:

Տեսանյութեր

Լրահոս