
Վարսերում համայնքի նոր ղեկավար է ընտրվել, Ջիլում վերընտրվել է Միքայել Ղարիբյանը

Գեղարքունիքի մարզի Ջիլ եւ Վարսեր գյուղերում 2016 թվականի հոկտեմբերի 23-ին կայացան համայնքի ղեկավարի պաշտոնի համար վերաքվեարկություններ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, Վարսերում ընտրվել է համայնքի նոր ղեկավար, իսկ Ջիլում վերընտրվել է համայնքի գործող ղեկավարը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից, Վարսերում քվեարկել է 917 ընտրող: Գործող գյուղապետ Զավեն Հարությունյանը վերաքվեարկության արդյունքում հավաքել է 376 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Հուսիկ Սեդրակյանը՝ 484 ձայն: 57 քվեաթերթիկ համարվել է անվաներ:
Ջիլ համայնքում քվեարկությանը մասնակցել է 351 ընտրող: Քվեներից 7-ը համարվել են անվավեր: Ջիլում Նիկոլայ Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 157 ընտրող, իսկ մյուս թեկնածուն՝ համայնքի գործող ղեկավար Միքայել Ղարիբյանը հավաքել է 182 ձայն: Երրորդ թեկնածուն՝ Հայկանուշ Մելիքյանը, հավաքել է 5 ձայն:
Խոսրով Խլղաթյան