Բաժիններ՝

Հարավային Կորեայում ծերերը կամավոր բանտ են գնում օթևան և կերակուր ստանալու համար

Կորեայի Հանրապետությունում աղքատ թոշակառուներից շատերը միտումնավոր հանցագործություններ են կատարում բանտ նստելու համար, որտեղ նրանք ապահովված կլինեն տաք օթեւանով եւ սնունդով:

Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ 60-ից բարձր տարիքի կալանավորների թիվը գերազանցել է կալանավորների ընդհանուր թվաքանակի 10 տոկոսը: Նրանք կատարում են Կորեայի Հանրապետությունում գրանցվող բոլոր հանցագործությունների մոտավորապես 9 տոկոսը։

Փորձագետների կարծիքով՝ դա կապված է ոչ միայն տնտեսական այն դժվարությունների հետ, որոնց բախվում են տարեցները: «60-ն անց մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 19,2 տոկոս, ինչի կապակցությամբ աճում է նաեւ պատկառելի տարիքի կալանավորների թիվը»,- Սեուլում լրագրողներին պատմել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա ընդունել է, որ նրանցից շատերը կամավոր են բանտ գնում, որպեսզի մի կերպ ծայրը ծայրին հասցնեն:

Ընդ որում՝ թոշակառուների զգալի մասը բանտից ազատվելուց հետո վերստին ձգտում է հայտնվել ճաղերի հետեւում, որտեղ պետությունն իրենց ապահովում է օթեւանով, սնունդով ու հագուստով:

«Նրանցից շատերն ասում են, որ բանտում իրենց համար ավելի լավ է, քան ազատության մեջ»,-ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ պատժաժամկետի լրանալուց հետո տարեց մարդկանց գրեթե 62 տոկոսը վերստին հանցագործություն է կատարում ու վերադառնում բանտ: Կալանավայրերում թոշակառուները սովորաբար կատարում են թեթեւ աշխատանք, օրինակ, սոսնձում են թղթե տոպրակներ ու ծրարներ: Բացի այդ, տարին երկու անգամ նրանք բուժզննում են անցնում. շռայլություն, որն իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ աշխատող երիտասարդները:

Կառավարությունում արդեն խորհրդածում են տարեց հանցագործների համար առանձին բանտեր ստեղծելու շուրջ, որտեղ նրանց կուսուցանեն պահանջված նոր մասնագիտություններ եւ կօգնեն վերաինտեգրվելու հասարակությանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս